Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները

Նախաբան

20-րդ դարի վերջին, իսկ ավելի ճշգրիտ 1988 թվականին, Հայաստանի բնակչությունը և ամբողջ հայ ժողովուրդը երկու մեծ ցնցում ապրեցին: Դրանցից առաջինը ղարաբաղյան շարժումն էր, որը վերաճեց Արցախի ազատագրական պատերազմի և ավարտվեց հայ ժողովրդի հաղթանակով: Չնայած մարդկային և նյութական մեծ կորուստներին, այսօր Արցախը անկախ է և Մայր Հայաստանի հետ միասին նոր կյանք է կառուցում: Երկրորդը Սպիտակի երկրաշարժն էր, որը իր երկու` իրար հաջորդող հզոր ցնցումներով Հայաստանի Խորհրդային Հանրապետության մի զգալի հատվածը՝ 700 հազարից ավել բնակչությամբ, մի քանի վայրկյանում վերածեց աղետի գոտու: Բնական աղետից մարդկային ու նյութական կորուստները շատ ավելին եղան, քան արցախյան ազատամարտի 6 տարիներին, իսկ հետևանքները ավելի ծանր, որոնք լիովին դեռ հաղթահարված չեն, թեև 20 տարի է անցել 1988 թ. դեկտեմբերի 7-ից հետո:
1988 թվականի այս երկու մեծ ցնցումները նաև երկու մեծ արտակարգ իրավիճակներ ստեղծեցին հայ ժողովրդի համար, որոնցից դուրս գալու համար մեր նորանկախ հանրապետությունը ստիպված էր մեծ ջանքեր թափել և շարունակելու է դա անել՝ վերջնականապես հաղթահարելու համար դրանց հետևանքները: Անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդը միավորի իր ջանքերը լրջագույն այդ երկու խնդիրները լուծելու համար, իսկ դրա համար նա պետք է լավագույնս իրազեկված լինի դրանց մասին:
Արցախի հիմնախնդրի մասին մեր ժողովուրդը, նաև երիտասարդությունը, ինչ որ չափով տեղեկացված են, այն արդեն դպրոցական դասագրքերի նյութ է դարձել և գրեթե ամեն օր լուսաբանվում է հեռուստատեսությամբ, ռադիոյով, իսկ այժմ նաև ինտերնետի միջոցով: Նույնը չի կարելի ասել Սպիտակի երկրաշարժի մասին, որի դասերը լիովին չեն ընկալվել մեր ժողովրդի կողմից: Խոսքը այստեղ ոչ միայն բուն երկրաշարժի և նրա պատճառած ավերածությունների մասին է, այլ այն սխալների, որ նախորդեցին և հաջորդեցին երկրաշարժին և որոնց պատճառով աղետի գոտու վերականգնման խնդիրների լուծումը դժվար ընթացք ունեցավ:
Երկրաշարժի առաջին օրվանից՝ 1988 թ. դեկտեմբեր 7-ից սկսած մինչև 1989 թ. սեպտեմբերի 7-ը (ուղիղ 9 ամիս) աշխատելով աղետի գոտում իմ դասընկերներ, հիանալի հայեր ու լավ մասնագետներ Ա. Գրիգորյանի ու Ս. Ալիխանյանի հետ, որոնք, ցավոք, այլևս մեզ հետ չեն, մի նպատակ էինք հետապնդում, ավերումից փրկել երկրաշարժի ազդեցությունը համեմատաբար լավ տարած շեքերը: Զննումների արդյունքները եղան 100-ից ավելի եզրակացություններ, որոնք մենք գրեցինք Լենինականի, Ախուրյանի և շրջակա գյուղերի բնակելի ու հասարարական շենքերի համար: Մեզ հաջողվեց քանդելուց փրկել մի 4 տասնյակ շենք, ոչ ավելին. ավերող, քանդող ուժերը ավելի հզոր գտնվեցին և նրանք Լենինականին ու Ախուրյանին ավելի մեծ վնաս հասցրեցին, քան երկրաշարժը ինքը:
1989 թ. սեպեմբերին ես ստիպված էի երկարատև գործուղման մեկնել արտասահման: Մեկնելուց առաջ տպագրության պատրաստեցի մի ծավալուն ելույթ, որը հանրագումարն էր իմ բոլոր ելույթների՝ հանրապետական ռադիոյով, Լենինականի գլխավոր հատակագծի քննարկումների ժամանակ, ինչպես նաև մեր կողմից կատարված հետազննումների որոշ արդյունքների, որոնք ամփոփված էին մեր հաշվետվություններում: Սակայն, զանազան պատճառներով, իմ այդ ելույթը այն ժամանակ լույս չտեսավ: Այժմ, 19 տարի անց, հնարավորություն կա ոչ միայն տպագրել, այլ այն տեղադրել մեր կողմից ստեղծվող ինտերնետային կայքում: Վերընթերցելով 19 տարի առաջ գրածս, գտա, որ իմ ելույթը հարկավոր է լույս ընծայել այնպես, ինչպես գրել եմ այն ժամանակ, ոչինչ չփոխելով, անգամ քաղաքների անվանումները, որպեսզի ընթերցողին հասկանալի լինեն իմ այն օրերի մտավախություններն ու մտահոգությունները, որոնցից մեծ մասը, ցավոք սրտի, իրականություն դարձան: Լենինականը օտար արտասանությամբ այսօր կոչվում է Գյումրի, Կումայրու փոխարեն, Կիրովականը՝ Վանաձոր, Ղուկասյանը՝ Աշոցք, Կալինինոն՝ Տաշիր, Բոգդանովկան՝ Նինոծմինդա: Անգամ անվանափոխության հարցում Լենինականցիների բախտը չբերեց և հույժ կարևոր է, որ լավ ապագայի արժանի մեր սիրելի քաղաքը ունենա հայերեն հնչողությամբ անվանում:
Ցավալի է նաև, որ Սպիտակի երկրաշարժի մասին նյութերը, որոնք սփռված են աշխարհով մեկ, մինչև այժմ հավաքված չեն ինտերնետային հայկական մի որևէ կայքում, ինչը հնարավորություն կտար մեր նոր սերնդին և հատկապես շինարարի մասնագիտություն ստացող ուսանողներին ավելի հեշտությամբ ծանոթանալ այդ նյութերին: Կարծում եմ, որ մեր համախոհների օգնությամբ այս անգամ մեզ կհաջողվի իրականացնել մեր այս վաղեմի ցանկությունը:
Վերականգնման և վերակառուցման աշխատանքները Լենինականում, Ախուրյանում ու մի շարք այլ բնակավայրերում հենց սկզբից սխալ ընթացք ստացան և ոչ մի կերպ հնարավոր չեղավ ազդել այդ վնասակար գործընթացների վրա, քանի որ խորհրդային և ապա նորանկախ Հայաստանի իշխանությունները արդյունավետ չէին գործում ի շահ մեր ժողովրդի: Հետագայում, մեր հանրապետության ղեկավարությունը Նախագահ Ռ. Քոչարյանի անմիջական մասնակցությամբ ստիպված էր մեծ ջանքեր թափել այդ սխալները ուղղելու համար, բայց լիովին վերացնել դրանք չհաջողվեց և 19 տարի անց էլ աղետի գոտու վերականգնման խնդիրները լիովին լուծված չեն:
Սպիտակի երկրաշարժի հետևանքների ուսումնասիրության նախնական արդյունքների, ինչպես նաև աղետի գոտու վերականգնման աշխատանքների կազմակերպման ընթացքում թույլ տրված սխալների լուսաբանմանը նվիրված մեր այս փոքրիկ աշխատանքը մտածելու առիթ կտա բոլոր նրանց, որոնք անտարբեր չեն մեր երկրի և իրենց անձնական անվտանգության հանդեպ:







Ներածություն

Եթե մարդ գտնվում է դաշտում, ապա անգամ շատ ուժեղ երկրաշարժի հետևանքը կլինի միայն վախը, ուրիշ ոչինչ: Երկրաշարժը շատ կարճ է տևում 15-25 վայրկյան, բայց քանի որ հանկարծակի է և գետինը փախչում է մարդու ոտքերի տակից, սկզբում նույնիսկ չի էլ հասկացվում, թե ինչ է տեղի ունենում, և միայն հետո է մարդ կռահում, որ տեղի է ունեցել երկրաշարժ և անմիջապես էլ մտածում է իր տան, շենքի, գյուղի կամ քաղաքի մասին: Ահա գյուղում կամ քաղաքում է, որ պատկերը այլ է: Փողոցում գտնվող մարդը կարող է ականատես լինել, թե ինչպես է փլվում բարձրահարկ կամ նույնիսկ ցածրահարկ շենքը, բայց և նկատում է, որ որոշ բարձրահարկ շենքերի ոչինչ չի լինում, դրանք մնում են իրենց տեղում անվնաս, նույնիսկ առանց ճաքերի, նույնը որոշ լավ կառուցված ցածրահարկ շենքերը: Շենքերում գտնվող մարդիկ այդ բոլորը չեն կարող տեսնել, նրանք խուճապահար դուրս են փախչում իրենց կացարաններից: Իհարկե, եթե վստահ լինեին իրենց շենքի ամրության վրա և մի քիչ էլ վարժված, ապա հանգիստ կմնային իրենց տեղում: Այս բոլորը տեսան և զգացին Սպիտակի, Լենինականի, Կիրովականի, Ստեփանավանի և շատ այլ բնակավայրերի բնակիչները: Եվ հարցը, որ հնչում է այն է, թե արդյո՞ք հնարավոր էր այնպես կառուցել, որ չլինեին այդ ահավոր ավերածություններն ու հսկայական մարդկային զոհերը: Պատասխանը միանշանակ է, հնարավոր էր, բայց այդպես չեղավ, և մենք ապահովագրված չենք, որ նման ողբերգություն մեզ հետ չի կրկնվի Հայաստանի մեկ այլ շրջանում: Եվ նորից հարց է առաջանում, թե եթե գիտենք ինչպես կառուցել, որ ապագա ուժեղ երկրաշարժերից շենքերը չավերվեն, ինչն է խանգարում, որ այդպես անենք: Խանգարում են մեր ազգային որոշ գծեր, մոռացկոտությունը, ծուլությունը, եսասիրությունը և էլի շատ բաներ, որ մեզ խանգարում են նորմալ ապրել մեր անկախ երկրում ահա արդեն ոչ քիչ տարիներ: Մեր երկրում կային և հիմա էլ կան սեյսմակայուն շինարարություն կորիֆեյներ, գիտնականներ, կրթություն ստացած նախագծողների և շինարարների հսկայական բանակ, բայց չկար (և հիմա էլ երևի չկա) սեյսմակայուն շինարարության պարզագույն սկզբունքների պահպանման և կիրառման ցանկություն ու կամք (իսկ թե ինչու չկար, այլ խոսակցության նյութ է):
Մինչև 1926 թվականի Լենինականի երկրաշարժը, Հայաստանում, մասնավորապես Երևանում ու Լենինականում, շենքերը կառուցվում էին քարե պատերով, որոնցում օգտագործվում էր կրային շաղախ, իսկ ծածկերը կամ միջհարկային ծածկերը անում էին փայտից: Շենքերի ամրության հարցերը լուծում էին, հաշվի առնելով շինարարության բազմադարյան փորձը, այդ թվում նաև ավերիչ երկրաշարժերի փորձը: 1926 թվականի երկրաշարժի հետևանքները ուսումնասիրելուց հետո արվեցին ճիշտ հետևություններ, այն է, որ քարե պատերը իրենց վրա կարող են բավական լավ կրել ծածկերից և միջհարկային ծածկերից եկող ծանրությունը, բայց շատ թույլ են, երբ կա երկրաշարժի հորիզոնական ազդեցությունը, հատկապես, եթե միջհարկային ծածկերը մի միասնական ամուր վահան չեն կազմում (քանի որ առանձին գերաններից են կազմված) և ամուր չեն կապված պատերի հետ: Այդ ժամանակ էլ առաջարկվեցին միջոցառումներ, ապահովելու համար միջհարկային ծածկերի ամուր կապը պատերի հետ (սեյսմակայունության գոտիներ), մեծացնելու հենց իրենց՝ ծածկերի ամրությունը և կոշտությունը, ինչպես նաև բացվածքների (դռների և լուսամուտների) ամրությունը մեծացնելու ուղիներ: Այդ բոլոր միջոցառումները նախատեսված էին քարե պատերով շենքերի համար և 1937 թվականի Երևանի երկրաշարժը ցույց տվեց, որ դրանք ճիշտ կիրառելու դեպքում շատ են օգնում շենքերի դիմադրության բարձրացմանը երկրաշարժի դեպքում: Հետո եկավ երկաթբետոնի դարը, մի շինանյութ, որն իր էությամբ հնարավորություն էր տալիս կառուցել երկրաշարժին դիմագրավող բացարձակ դիմացկուն շենքեր: Խնդիրը շատ պարզ էր, պետք է ճիշտ օգտագործվեր նրա այդ հատկությունը: Լենինականում կային կառուցված միաձույլ երկաթբետոնից միջհարկային ծածկերով ու սյուներով շենքեր (օրինակ կահույքի մի արտադրամաս), որը բոլորովին չէր տուժել երկրաշարժից: Սակայն 50-ական թվականերից հետո կուսակցական հրահանգով սկսեցին իրականացվել հավաքովի երկաթբետոնից շենքեր (թղթե տնակներ), խախտելով երկաթբետոնի բնական առավելությունը, որով կարելի էր կառուցել երկրաշարժերին դիմագրավող, իսկապես բացարծակ ամուր շենքեր: Որպես հարավային հանրապետություն մեզ բոլորովին պետք չէին հսկայական էներգիա կլանող հավաքովի երկաթբետոնի գործարանները, շենքերը պետք է շարունակեին կառուցել միաձույլ երկաթբետոնից և կատարելագործվեին դրանց օգտագործման ձևերը: Դրա փոխարեն մեր նախագծողներն ու ինժիներները մեծ ոգևորությամբ (կուսակցական ցուցումով) սկսեցին հնարել հավաքովի շենքերի նորանոր ձևեր և լուծումներ, ավելի ու ավելի հեռանալով միաձույլ երկաթբետոնի էությունից և ընձեռած առավելություներից: Արդյունքում մենք ունեցանք հավաքովի երկաթբետոնից այնպիսի անհեթեթ կառուցվածքի բնակելի շենքեր (111 սերիայի), որոնք ուղղակի փլվեցին թղթե տնակների նման Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Այն շենքերը, որոնցում շատ չէին խախտվել միաձույլ երկաթբետոնի էությունը (խոշորապանել 1А-451 КП սերիայի), դիմացան երկրաշարժին: Մյուս շենքերի վարքը նույնպես կախված էր նրանից, թե ինչ չափով էր խախտված երկաթբետոնի միաձուլության սկզբունքը: Մոռացության էին տրվել քարե պատերով շենքերի դիմադրությունը մեծացնող միջոցառումները՝ սեյսմակայունության գոտիները կամ դրանք իրականացվել էին խախտումներով: Վերջին հաշվով չէր գործում կամ չկար ազգի անվտանգության գաղափարը, որը չէր գործել կամ էլ չէր եղել նախկինում էլ, ուրիշ պարագաների դեպքում: Այդ թղթե տնակներից շատ են կառուցվել հանրապետության տարբեր քաղաքներում, մասնավորապես Երևանում: Ստացվում է, որ մեր ժողովրդի բախտը նորից բնության (թե՞ աստծո) ձեռքին է, իսկ ինչպես հայտնի է նա այնքան էլ բարեհաճ չէ մեր նկատմամբ: Տնտեսական դժվարությունների պայմաններում, բնական է, ծրագրեր կազմել այդ շենքերի ուժեղացման վերաբերյալ հնարավոր չէ, մեծ փողեր են պետք, բայց չպետք է մոռանալ նաև երկրաշարժի վտանգի մասին: Գոնե պետք է հետևել, որ շենքերին լրացուցիչ վնասներ չհասցվեն, իսկ նոր կառուցվող շենքերում ձգտել թույլ չտալ անցյալում կատարված սխալները: Ահա այս նպատակով է, որ որոշեցի լույս ընծայել դեռ 19 տարի առաջ գրած իմ այս փոքրիկ աշխատանքը, որը թեև գիտական հոդված չէ և գրված է երկրաշարժի հետևանքների ուսումնասիրության սկզբնական տպավորության տակ, կարող է օգտակար լինել շատերի և հատկապես շինարարական մասնագիտություն ստացող ուսանողների համար:
Հիշեցնենք, որ Սպիտակի երկրաշարժի գլխավոր ցնցումը տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41 րոպեին, որին 4 րոպե անց հետևեց երկրորդ հզոր ցնցումը, որը իր ուժգնությամբ քիչ էր տարբերվում գլխավոր ցնցումից: Ըստ Ռիխտերի սանդղակի գլխավոր ցնցումի ուժգնությունը կազմել էր 6,8 մագնիտուդ, իսկ երկրորդինը՝ 5,9: Այս երկու հզոր ցնցումներին հաջորդեցին հարյուրավոր ետցնցումներ՝ աֆտերշոկեր, իսկ երկրաշարժի հաջորդ օրն իսկ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 6-ին տեղի էին ունեցել երկու ֆորշոկեր, որոնց մասին հաղորդում չէր եղել: Հետագայում Սպիտակի երկրաշարժը մանրամասն ուսումնասիրվեց խորհրդային և օտարերկրյա մասնագետների կողմից և որի մասին կարելի է կարդալ մեր աշխատանքի վերջում բերված գրականության մեջ:

categories [ ]